Մանուլ

Մանուլը կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով 18-րդ դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։

Մանուլը ունի տնային կատվի չափ, սև ծայրով 23-31 սմ երկարությամբ պոչ, 52-65 սմ մարմնի երկարություն, 2-5 կգ քաշ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։ Ի տարբերություն ընտանի կատուների՝ աչքերը դեղին են, վառ լույսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հաստ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի ետին մասը և պոչը ծածկված են նեղ, մուգ, զուգահեռ բծերով։ Մռութի կողքերից՝ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Մարմնի ստորին մասը գորշ է։

Մանուլը տարածաշրջանի և Հայաստանի ամենահազվագյուտ կաթնասուններից մեկն է։ Վերջին անգամ այս կատվազգին նկատվել է 1920–1930-ական թվականներին երկրի հարավ-արևմտյան հատվածում: Տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և մինչև 2020 թվականը համարվում էր անհետացած:

Կենդանին նկատվել է հյուսիս-արևելյան Հայաստանում`իր պատմական բնակավայրից 140 կմ հեռավորության վրա: Հայաստանում մանուլի համար համապատասխան բնակավայրերը սահմանափակ են՝ տեսակի հավանական ամենամեծ ապրելավայրը Խոսրովի անտառ պետական արգելոցի արևմտյան սահմանն է։

Շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, և թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում գտնվում է վերացման եզրին։ Տեսակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի և մոզաիկ տարածվածության պատճառով։ Թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը մորթու համար որսագողությունն է։ Անթրոպոգեն գործոնից բացի թվաքանակի վրա ազդում է սննդային բազայի նվազումը, գայլերի և բվերի հարձակումները։

Leave a comment